Այսօր Հայաստանում Իրանի դեսպան Մոհամմադ Ռեիսին ակնարկել է, թե Իրանը Հայաստանին կարող է շատ ավելի էժան գազ վաճառել, քան ռուսական գազն է: «Մի երկիրը կարող է գազը մյուսին վաճառել 400 դոլարով, իսկ մեկ այլ երկրին` 100 դոլարով»,-ասել է դեսպանը: Վերջինս ընդամենը երկու օր առաջ հայտարարել էր նաև, թե Իրանը կարող է ապահովել Հայաստանի գազի ծավալները, իհարկե, Հայաստանի իշխանությունների ցանկության պարագայում: Դեսպանը այսօր հերքել է օրեր առաջ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի այն հայտարարությունը, թե իրանական գազն արժե 400 դոլար: Ռեիսին ասել է, որ Իրանը Հայաստանի հետ գազի գին չի քննարկել:
Երկու օրվա մեջ երկու հայտարարություն է արվել այլ երկրի դիվանագետի կողմից, իսկ Հայաստանի իշխանությունները չեն արձագանքել առաջինին ու սպասվում է, որ չեն արձագանքի երկրորդին էլ: Հայաստանը դեռ չի պատասխանել Իրանի` երկու երկրների հարաբերությունները զարգացնելու առաջարկին, Հայաստանը լռում է և այլ երկրի դեսպանի կողմից իր պաշտոնյաներից մեկին նրբամտորեն ստի մեջ բռնեցնելու դեպքում:
Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ